«Սրբազան պայքար»-ի գենշտաբը շարժումն ինստիտուցիոնալացնելու
շրջանակներում որոշել է բառիս բուն իմաստով ինստիտուտ հիմնել՝ ՀԿ։ Պետռեգիստրում հունիսի 27-ին գրանցվել
է «Տավուշը հանուն հայրենիքի» սոցիալ-իրավական ՀԿ, որի հասցեն է Երևան, Արաբկիր, Ղափանցյան փ. 151։ Փաստորեն, տավուշյան թեմատիկայով բոլոր գործընթացները կենտրոնացած են Երևանում, այդ
թվում՝ ՀԿ-ի գրանցումը։ Թե մասնավորապես ինչ
սոցիալ-իրավական խնդիրներով է զբաղվելու սույն ՀԿ-ն, ինչ ֆինանսական աղբյուրներից է սնվելու՝ հայտնի
չէ։ Ենթադրում ենք՝ սահմանազատման հետևանքով գույքային խնդիրների առաջ կանգնած տավուշցիների
բողոքին իրավաքաղաքական ընթացք տալով։
Հատկանշական է, որ շարժման «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան
պաշտոնական էջը, որը ստեղծվել էր ս.թ. մարտի 27-ին, հիշյալ ՀԿ-ն գրանցելու նույն օրը
անվանափոխվել է և դարձել «Սրբազան պայքար»։ Նույն անունով տելեգրամյան ալիքն ավելի
վաղ՝ շարժման երևանյան ակցիաների ժամանակ էր
ստեղծվել։ Եթե շարժումը գնում է տոտալ «սրբազանացման»
ճանապարհով, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու նորաստեղծ ՀԿ-ն էլ նույն «բրենդի» ներքո
չի գրանցվել։ 27 թիվը, կարծես, սիմվոլիկա ունի
շարժման կառավարիչների համար։ Մասնավորապես 7 թիվը, որը առկա է նաև շարժման լոգոյի
վրա, ինչպես մեկնաբանել էին շարժման քարոզչական
շտաբից, համարվում է աստվածային թիվ, խորհրդանշում
է իմաստնությունը, արարչագործությունը, սրբությունը։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում 7-ից
առաջ դրված 2 թիվը կամ այդ թվերի կոմբինացիան։ 27-ը, նկատենք, մասնավորապես 1999-ից
սկսած հայոց մեջ ասոցացվում է սպանդի ու պետականության գլխատման հետ։ Ինչևէ։
Հաջորդ «ինստիտուցիոնալ» նախաձեռնությունը, ըստ ամենայնի, կլինի
«սրբազան պայքար» անունով կուսակցություն գրանցելը։ Ի դեպ, վատ գաղափար չէ, եթե շարժմանը
սատարող-աջակցող մանր-մունր՝ մարդ-կուսակցությունները լուծարվեն և հանդես գան խոշորացված՝ մեկ միասնական
պլատֆորմի ներքո։ Քաղաքական դաշտի ընդդիմադիր այդ հատվածը, իրոք, օպտիմալացման
հրատապ կարիք ունի:
Հ. Մ.